Արվեստի արտադրության և շրջանառության գործընթացները Հայաստանում 
սոցիոլոգիական հետազոտություն 

«Արվեստի արտադրության և շրջանառության գործընթացները Հայաստանում» հետազոտությունն իրականացվում է՝ նպատակ ունենալով դուրս բերել վերոնշյալ գործընթացների բնութագրիչները, դրանց կազմակերպման առանձնահատկությունները և խոչընդոտները՝ լայն իմաստով արվեստի շուկայի և դրան առնչվող խնդիրների շուրջ խոսակցությունները Հայաստանում առավել նյութական դարձնելու համար:

Հետազոտությունն ընդգրկում է 26 խորին հարցազրույցներ անհատ արվեստագետների, կուրատորների, գալերեաների, թանգարանների և արվեստի կենտրոնների ներկայացուցիչների հետ: Հարցադրումներն ուղղված են ցուցադրությունների կազմակերպման հաճախականության, դրանց բովանդակության, կազմակերպման գործընթացում խոչընդոտների առկայության, արվեստի գործերի վաճառքի ցուցանիշների և հեռանկարների բացահայտմանը:

Հետազոտությունը հիմնված է Երևանում գործունեություն ծավալող արվեստի ներկայացուցիչների հետ հարցազրույցների վրա, սակայն, ընդգրկում է մի քանի հարցազրույց Գյումրիում ստեղծագործող արվեստագետների, կուրատորների, գալերեաների ներկայացուցիչների հետ՝ հնարավորություն տալով ընդլայնել հետազոտական խնդրի շրջանակը և դիտարկել օրինաչափություններ և առանձնահատկություններ երկու քաղաքների արվեստային կյանքի հարթություններում:

Հետազոտությունը հիմնված է որակական տիպային ընտրանքի վրա։ Հետազոտության մեջ ընդգրկված արվեստագետները, կուրատորները, գալերեաների, թանգարանների և արվեստի կենտրոնների ներկայացուցիչներն ընտրվել են՝ հիմնվելով երկու չափանիշի վրա՝ արվեստի ոլորտում ունեցած փորձը և գործունեության վայրը (Երևան և Գյումրի)։

Լայն իմաստով հետազոտությունը ելնում է այն հիմնախնդրից, որ արվեստի շուկան Հայաստանում՝ իբրև տնտեսական համակարգի մաս, ձևակերպված և ձևավորված չէ, և չկան դրան նպաստող կանոնակարգված հայեցակարգային ու իրավական հիմքեր: Միաժամանակ ներկայումս չկա որևէ կազմակերպություն կամ ենթակառուցված, որը հետևողականորեն զբաղվում է մշակութային տնտեսության և քաղաքականության հետազոտությամբ, վիճակագրական ծառայության առկա բացերի լրացման համար անհրաժեշտ հետազոտական-վերլուծական աշխատանքով և հիմնավորված մշակութային քաղաքականության ձևավորման համար անհրաժեշտ մեթոդաբանության և գործիքների մշակումով: